Բանախոսներ

ARMIGF 2017 ԲԱՆԱԽՈՍՆԵՐ

kulikova

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԿՈՒԼԻԿՈՎԱ

Ալեքսանդրա Կուլիկովան զբաղեցնում է ICANN-ում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համաշխարհային շահառուների ներգրավվման կառավարչի պաշտոն: Նախկինում PIR հետազոտական կենտրոնում ղեկավարել է համաշխարհային Ինտերնետ կառավարման և միջազգային ինֆորմացիոն անվտանգության թեմաներով հետազոտական աշխատանք և այժմ հանդես է գալիս որպես այդ կառույցի խորհրդատու: Ալեքսանդրայի հետազոտական հետաքրքությունները վերաբերում են ազգային և համաշխարհային Ինտերնետ կառավարման քաղաքականությանը, գաղտնիությանը, տվյալների առցանց պաշտպանությանը, պետական և կորպորատիվ քաղաքականությանը ՏՀՏ ոլորտում, ինչպես նաև միջազգային կիբերմարտավարություններին: Նախկինում Ալեքսանդրան աշխատել է որպես գիտաշխատող Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի մեդիա քաղաքականության ծրագրի հետազոտական խմբում (2012-2014): Վերը նշված դպրոցում ստացել է մագիստրոսի աստիճան մեդիա և հաղորդակցությունների կառավարման ոլորտում: Ալեքսանդրան ավարտել է Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի «Միջմշակութային հաղորդակցություններ և օտար լեզուների դասավանդում» բաժինը: 2006 թվականին պրակտիկայի է անցել Եվրոպայի Խորհրդում` լեզվական քաղաքականության բաժնում (Ստրասբուրգ, Ֆրանսիա):

Andrey-Pyatakhin

ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆ

Անդրեյ Պյատախինը 2013 թվականի մայիսից ի վեր հանդիսանում է Արմենտել ՓԲԸ-ի գործադիր տնօրենը։ 2011-2013 թվականներին հանդիսացել է «Beeline Ռուսաստանի» Մոսկվայի շրջանի տնօրենը։ 2009 թվականից ի վեր պարոն Պյատախինը ղեկավարել է «Մոբիթել» հոլդինգի վրացական մասնաճյուղը, աշխատել է «ՎիմպելԿոմ» ՍՊԸ-ում որպես մարզերում կորպորատիվ բիզնեսի զարգացման գծով տնօրեն: Պարոն Պյատախինը Հարվարդի բիզնես դպրոցի շրջանավարտ է: Նա բիզնես կառավարման մագիստրոսի աստիճան է ստացել բիզնես կառավարման ամերիկյան համալսարանում։

boris

ԲՈՐԻՍ ԴԵՄԻՐԽԱՆՅԱՆ

Բորիս Դեմիրխանյանը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալն է։ Պարոն Դեմիրխանյանը 2012 թվականին աշխատել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրենի տեղակալ, իսկ 2011-2012թթ.-ին եղել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենը: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը և դասախոսել նույն համալսարանում 1992-2004 թվականներին։

Gevorg-Gevorgyan

ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Գևորգ Գևորգյանը 1998 թվականին նշանակվել է ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարությունում, որպես հեռահաղորդակցության վարչության գլխավոր մասնագետ: 2001 թվականին նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կապի վարչության պետ: 2005 թվականից առ այսօր զբաղեցնում է ՀՀ հանրային ծառայությունները կյարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետի պաշտոնը:

GevorgHayrapetyan

ԳԵՎՈՐԳ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Գևորգ Հայրապետյանը 2015 թ․ դեկտեմբերից առ այսօր ստանձնում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության Վարչական վարույթների իրականացման բաժնի պետի պաշտոնը: Նախկինում եղել է ՀՀ արդարադատության նախարարին կից քաղաքացիական հասարակության խորհրդի անդամ, ինչպես նաև 2014-2017թ՝ Գնումների բողոքարկման խորհրդի անդամ, հանձնաժողովի նախագահ: Դասախոսություններ է վարել «Օրենսդրություն և ԶԼՄ» թեմայով, հանդես է եկել որպես փորձագետ՝ իրականացնելով նախընտրական քարոզչության լուսաբանման որակական մոնիտորինգ։ Հեղինակել է տեղեկատվության ազատության վերաբերյալ 9 գիրք: Հեղինակել է նաև տեղեկատվության ազատության և պետական մարմինների հրապարակայնության, պաշտոնական փաստաթղթերի մատչելիության, վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ շուրջ 30 հոդված և վերլուծություն: Պարոն Հայրապետյանն ունի իրավաբանության բակալավրի և եվրոպագիության մագիստրոսի աստիճան։

Grigor-Saghyan-250x250

ԳՐԻԳՈՐԻ ՍԱՂՅԱՆ

Գրիգորի Սաղյանը Հայաստանի Ինտերնետ Հանրության փոխնախագահն է: Նա Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դոցենտ, պրոֆեսոր է: Նրա նախորդ աշխատանքային փորձը հայկական առաջին Ինտերնետ ծառայությունների մատակարար ընկերության (Arminco) տեխնիկական տնօրենի պաշտոնն է` 7 տարի շարունակ: Նա 2 տարի աշխատել է նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում, որպես ՏՏ և Հեռահաղորդակցության վարչության տնօրեն: Գրիգորի Սաղյանի հետաքրքրության հիմնական ոլորտներն են ՝ Պինդ Դետալային էլեկտրոնիկան, Միկրոսկոպիկ տվյալների ընթերցումը, Հեռահաղորդակցությունը, Ցանցային կապը, ինչպես նաև Ինտերնետ Կառավարումը: Սկսած 2012թ-ից նա Միջազգային Հեռահաղորդակցության Միության և Ցանցի անվտանգության փորձագետ է: Այժմ Գրիգորին նաև նորաստեղծ բազմաշահառու Ինտերնետ կառավարման խորհրդի քարտուղարն է:

LevonHovhannisyan

ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լևոն Հովհաննիսյանն աշխատում է «Մայքրոսոֆթ» ընկերության Հայաստանյան գրասենյակում որպես ծրագրավորման գծով խորհրդատու։ Պարոն Հովհաննիսյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է, 2007 թվականից դասավանդում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։ Ունի ավելի քան 12 տարվա փորձ ծրագրավորման ոլորտում, մի շարք գիտական հրապարակումների հեղինակ է։ Նա հանդես է գալիս որպես կազմակերպիչ և խոսնակ մի շարք տեղական և միջազգային տեխնիկական միջոցառումներում։

LianaDoydoyan-350

ԼԻԱՆԱ ԴՈՅԴՈՅԱՆ

Լիանա Դոյդոյանը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր անդամն է և 2015 թվականի հոկտեմբերից՝ Կետրոնի նախագահը: 2003թ.-ից մինչ օրս որպես տեղեկատվության ազատության ուսուցանող, տեղեկատվության ազատության այլ փորձագետների հետ անցկացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացվող «Ինչպես կիրառել Տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը» թեմայով ուսուցումներ ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում: 2005 թ.-ից մինչ օրս դասավանդում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում` էլեկտրոնային կառավարում և նոր մեդիա առարկան: 2004 թ.-ից մինչ 2009 թ.-ը հանդիսացել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ինտերնետային բաժնի գլխավոր խմբագիրը: 2001թ.-ից «Համահայկական ցանց» ՀԿ-ի հիմնադիր անդամ է:

MarkGrigoryan-h350

ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մարկ Գրիգորյանը 2017 թվականին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ նշանակվել է Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն: Մասնագիտությամբ լրագրող է։ Մասնագիտական լրագրությամբ զբաղվել է 1993 թվականից՝ որպես Երևանում «Սվոբոդա» թերթի խմբագրի տեղակալ։ 1995-1996 թվականներին աշխատել է AIM (Armenian International Magazine) ամսագրում։ Համագործակցել է Հայաստանի և արտերկրի բազմաթիվ հրատարակությունների հետ։ Հեղինակ և խմբագիր է 16 գրքերի, բազմաթիվ գիտական և լրագրողական հոդվածների։ Պարոն Գրիգորյանը Երևանում Կովկասի ինստիտուտի հիմնադիրներից մեկն է։ Աշխատել է Լոնդոնում, BBC-ի ռուսական ծառայության «Վաղ ժամ» ծրագրում։ Մինչ 2011 թվականի մարտի 11-ը Սևա Նովգորոդցևի հետ վարել է «Բիբիսևա» ծրագիրը։ 2003 թվականին ստացել է Hellman/Hammett, լրագրողական ամենամյա մրցանակը, որը տրվում է ի նշան «խիզախության ճանաչման ընդդեմ քաղաքական հետապնդումների»։ Դասավանդում է Երևանի պետական համալսարանում։

Maxim-Burtikov-h350

ՄԱՔՍԻՄ ԲՈՒՐՏԻԿՈՎ

Մաքսիմ Բուրտիկովը RIPE NCC կազմակերպությունում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի արտաքին կապերի տնօրենն է և իր գործունեությունը ծավալում է Մոսկվայում։ Այս պաշտոնը ներառում է Ռուսաստանում և շրջակա շրջաններում RIPE NCC կազմակերպության շահառու կողմերի լայն շրջանակի ներգրավում՝ ներառյալ RIPE NCC կազմակերպության անդամներին, կառավարությանը, իրավապահ մարմիններին։ Այս պաշտոնի շրջանակներում Մաքսիմը նաև համագործակցում է այնպիսի միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ ԱԽՏՀ (APEC), Եվրոպական հանձնաժողովը, ՏՀԶԿ (OECD) և Միջազգային հեռահաղորդակցության միությունը (ITU): Մաքսիմն ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության բաժինը 2007 թվականին։ Իր կարիերան սկսել է Ռուսաստանի Հաղորդակցությունների և զանգվածային լրատվամիջոցների նախարարությունում, նախքան Դաշնային հաղորդակցությունների գործակալությանը միանալը, որտեղ նա աշխատում էր որպես աշխատակազմի ղեկավար։ Իր պաշտոնի շրջանակներում, Մաքսիմը ներգրավված է եղել մի շարք կառավարական նախագծերում, մասնավորապես Ռուսաստանի Ինտերնետ կառավարման համաժողովի մեկնարկի նախագծում։ 2012 թվականին նա սկսել է իր կարիերան որպես անկախ ՏՏ և Ինտերնետ խորհրդատու՝ կենտրոնանալով
կառավարության և հասարակայնության հետ կապերի վրա, մինչև 2013 թվականին RIPE NCC կազմակերպությանը միանալը։

nerses-ter-vardanyan

ՆԵՐՍԵՍ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ներսես Տեր-Վարդանյանը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալն է։ Պարոն Վարդանյանը պատմական գիտությունների թեկնածու է, մի շարք գիտական հոդվածների հեղինակ բազմաթիվ գիտական պարբերականներում: Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների, համաժողովների և սեմինարների, ինչպես նաև Կահիրեի պետական համալսարանի և Բրիտանական խորհրդի դասընթացներին: 2005-2008 թթ. եղել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող։ 2013 թ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ընդհանուր պատմության ամբիոնի դասախոս, 2004 թ. մինչ օրս «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող է։

Chengetai_Masango_h350

ՉԵՆԳԵՏԱՅ ՄԱՍԱՆԳՈ

Չենգետայ Մասանգոն ՄԱԿ-ի Ինտերնետ կառավարման հանձնաժողովի քարտուղարության ծրագրերի և տեխնոլոգիաների մենեջերն է և իր գործունեությունը ծավալում է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում։ Քարտուղարությունն աջակցում և համակարգում է բազմաշահառու խորհրդատվական խմբի աշխատանքը: Պարոն Մասանգոն ստացել է Ինֆորմատիկայի և տեխնոլոգիայի մասնագիտությամբ դոկտորական աստիճան Սիրակուզայի համալսարանում և նույն համալսարանում Միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան։ Նա «Ինտերնետ կառավարում և տեղեկատվական հասարակություն. համաշխարհային հեռանկարներ և եվրոպական ծավալներ» գրքի համահեղինակն է։

CerenUnal

ՋԵՐԱՆ ՈՒՆԱԼ

Ջերան Ունալը Ինտերնետ հանրության եվրոպական մասնաճյուղերի զարգացման մենեջերն է։ Ջերանը սկզբնական շրջանում ներգրավվել է Ինտերնետ հանրությունում որպես անհատ անդամ։ Հետագայում, «Հաջորդ սերնդի առաջնորդներ» ծրագրի միջոցով նա դարձել է Ինտերնետ կառավարման հանձնաժողովի պատվիրակ (Հայդերաբադ 2008թ., Վիլնյուս 2010թ.):
Ջերան Ունալը ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան Լոնդոնի Մարի թագուհու անվան համալսարանում՝ մասնագիտանալով Համակարգչային և հաղորդակցական իրավունքի ոլորտում որպես Բրիտանական միջազգային կրթաթոշակառու։ 2003 թվականից ի վեր դասավանդում և խորհրդակցություն է տրամադրում ՏՏ/Ինտերնետ իրավունքի ոլորտում։

SamvelMartirosyan

ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սամվել Մարտիրոսյանը տեղեկատվական անվտանգության և նոր մեդիաների փորձագետ է, ՀՀ Ինտերնետ կառավարման հանձնաժողովի անդամ։ Նա դասավանդում է Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, ԵՊՀ-ում, Սլավոնական համալսարանում, մի շարք այլ կրթական ծրագրերում: Սամվել Մարտիրոսյանը ղեկավարել է iDitord, badu.am, OpenArmenia և մի շարք այլ ինտերնետ ծրագրեր: Նա վարում է սյունյակներ մի քանի հայտնի լրատվամիջոցներում, ինչպիսիք են` tert.am, media.am, Кавказский Узел և այլն:

SipanAsatryan

ՍԻՓԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ

Սիփան Ասատրյանը բանասեր, սփյուռքագետ, տիֆլոմանկավարժ, չտեսնողների տարածական կողմնորոշման հրահանգիչ է։ Պարոն Ասատրյանը 2014 թվականից առ այսօր աշխատում է Ազգային առաջնորդության ինստիտուտում որպես տեղեկատվության և հաղորդակցության համակարգող: «Մենք» Ինտերնետ ռադիոյի հաղորդավարն է և գլխավոր խմբագիրը: 2013-2014 թվականը եղել է «Ֆորտե» հաշմանդամների գիտամշակութային ՀԿ-ի տնօրեն։ Կյանքում իր առաքելությունն է համարում հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացման աջակցումը և ստեղծված կարծրատիպերի փոփոխման գործի նպաստումը:

VahagnHarutyunyan

ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վահագն Հարությունյանը 2009 թվականի սկզբում նշանակվել է ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժանմունքի պետի պաշտոնում: Նույն տարվա վերջում նշանակվել է ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների դեմ կատարվող հանցագործությունների պայքարի բաժնի պետի տեղակալ, որը զբաղեցնում է մինչ օրս: Ունի իրավագիտության՝ քաղաքացիական իրավունք և դատավարություն մասնագիտացումով մագիստրոսի աստիճան:

VahanHovsepyan-250x250

ՎԱՀԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Վահան Հովսեփյանը 2017 թվականի հուլիսից RIPE NCC կազմակերպության արտաքին կապերի տնօրենն է Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար: Նա համակարգել և ղեկավարել է հայկական տեխնոլոգիական ընկերությունների բազմաթիվ պատվիրակություններ Վրաստանի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ավստրիայի և այլ երկրների միջոցառումներին: 2009 թվականից GITI AWARD մրցանակաբաշխության ժյուրիի անդամ է։ 2015 թվականին, որպես «Նոր տեխնոլոգիաների կրթություն» հիմնադրամի տնօրեն՝ պարոն Հովսեփյանը ղեկավարել է 26 հայկական ՏՀՏ ընկերությունների պատվիրակությունը դեպի 18 երկրներ ՏՀՏ Եվրոպական արշավի շրջանակներում։ Պարոն Հովսեփյանը տեխնոլոգիական զարգացման ոլորտի մի շարք նախաձեռնությունների հեղինակ է և համահեղինակ։ Հանդիսանում է «Նիդերլանդների շրջանավարտների հայկական ասոցիացիայի» նախագահ, «ԱՐՄԻՔՍ» Հիմնադրամի և «Օպերատորների հայկական միության» տնօրեն, «Ինտերնետ Հանրություն» ՀԿ վարչության անդամ։

Vahan_Martirosyan

ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վահան Մարտիրոսյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն է 2016թ. սեպտեմբերից: Պարոն Մարտիրոսյանը 2008-2016թթ եղել է «GNC-ալֆա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահը:
Ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտը: Տեխնիկական գիտությունների թեկնածու է:

Tigran-Zargaryan

ՏԻԳՐԱՆ ԶԱՐԳԱՐՅԱՆ

Տիգրան Զարգարյանի մասնագիտացումը գրադարանների և արխիվների թվայնացումն և կառավարումն է։ Նա ունի ավելի քան 30 տարվա մասնագիտական փորձ։ Մասնակցել է Հայաստանի գրադարանների ավտոմատացված ցանցի նախագծման աշխատանքներին։ Ունի թղթային, հիբրիդ և «ծնված թվային» փաստաթղթերի էլեկտրոնային մշակման համակարգերի նախագծման մասնագիտական փորձառություն։ 2008 թվականից սկսած ղեկավարում է ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնում ստեղծված «Գրադարանային գործ և տեղեկատվական աղբյուրներ» ամբիոնը։ Մասնակցում է հեռաուսուցման համակարգերի նախագծմանը՝ որպես գրադարանավարության զարգացման հեռանկարային ուղղություն։ Հեղինակում է մեկ մենագրություն, երկու մեթոդական ձեռնարկներ և հոդվածներ՝ նվիրված թվային գրադարաններիի ստեղծման մեթոդաբանությունը և շահագործման խնդիրներին։ Սկսած 2010 թվականից զբաղվում է թվային տեխնոլոգիաների օգնությամբ թղթային նյութերի երկարաժամկետ պահպանության խնդիրներով։ Ղեկավարում է «Ակադեմիական գիտա տեղեկատվական հանգույցի» ձևավորման աշխատանքները։ 2011 թվականից զբաղեցնում է Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի պաշտոնը:

TigranHakobyan

ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Տիգրան Հակոբյանը 2016 թվականից ի վեր ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ է։ 2001-ից 2016 թվականին հանդես է եկել որպես դասընթացների դասընթացավար։ Դասավանդել է հետևյալ թեմաները՝ «Հանրության հետ կապեր հասարակական կազմակերպությունների համար» (Internews), «Գործնական շփման ունակություններ» (Ֆ.Նաումանի Հիմնադրամ, Press-Club, Հայէկոնոմբանկ, Հարավկովկասյան երկաթգծեր), «Կուսակցություններ և մեդիա» (NIMD, Նիդերլանդներ), «Հանրության հետ կապեր կուսակցությունների համար» (NDI) այլն։ 1999-2012 թվականներին մասնակցություն է ունեցել ՀՀ ընտրական գործընթացներին, հանդես է եկել որպես մի շարք ԱԺ պատգամավորության թեկնածուների քաղաքական և քարոզչական հարցերով խորհրդատու։