Բանախոսներ

Գևորգ Հայրապետյան

ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ

 Գևորգ Հայրապետյանը 2018 թվականի օգոստոսից զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնը:

Մինչև հանրային ծառայության անցնելը՝ Գևորգն աշխատել է հասարակական սեկտորում որպես «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի իրավաբան, 2005 թ.-ից՝ իրավաբանական բաժնի ղեկավարը, աշխատել է որպես «Լրագրողներ հանուն ապագայի» իրավաբան-փորձագետ, դասախոսական և փորձագիտական աշխատանքներ է իրականացրել «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի համար, դասախոսել Երևանի Պետական Համալսարանի Մասս մեդիա գիտակրթական կենտրոնում, իրականացրել ուսուցումներ, դասախոսություններ և փորձագիտական աշխատանք:

Աիդա Մուկուչյան

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ի թվային մարքեթինգի մասնագետ

Աիդա Մուկուչյանը՝ մասնագիտությամբ տնտեսագետ, մարքեթինգի մասնագետ, 2012 թվականից զբաղվել է սոցիալական ցանցերում և թվային այլ հարթակներում տարբեր լոկալ ու միջազգային ապրանքանիշերի առաջխաղացմամբ։ Այժմ նա «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի թվային մարքեթինգի մասնագետն է, ինչպես նաև՝ վարում է Սոցիալական ցանցերում մարքեթինգի կիրառական դասընթացներ։

Ավետիք Եսայան

«Շիրակ Տեխնոլոգիաներ» ընկերության հիմնադիր

Ավետիք Եսայանը «Շիրակ Տեխնոլոգիաներ» ընկերության հիմնադիրն է: Նա ունի 30 տարուց ավելի աշխատանքային փորձ համակարգերի նախագծման և թեստավորման ոլորտում:

Աշխատել է որպես կառավարիչ սկզբում ՄԱԿ-ի գրասենյակի ՏՏ բաժանմունքում, իսկ հետո Ամերիկյան բարձր տեխնոլոգիական ընկերություններում` մշակելով ժամանակակից ներկառուցված լուծումներ սիլիկոնային արդյունաբերության ոլորտում:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը` միկրոէլէկտրոնիկա մասնագիտությամբ, և Հարավ-Կալիֆորնյան համալսարանը համակարգչային ճարտարապետություն մասնագիտությամբ:

Արմեն Մուրադյան

«Արփինետ» ընկերություն, տնօրեն

Արմեն Մուրադյանն ավարտել է բարձրագույն ուսումը Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Էներգետիկայի դեպարտամենտի Ատոմային էներգետիկա բաժինը 2000 թ-ին և ստացել բակալավրի կոչում:

2002 թվականին «Հայ Միասնության Խաչ» ԲԿ-ում բացում է համակարգչային լսարան, որտեղ 2003-2008թթ. ներկայանում է որպես քննական հանձնաժողովի նախագահ:

Արմեն Մուրադյանը 2007թ. ստեղծել է «Արփինետ» ընկերությունը, որտեղ աշխատում է մինչ օրս որպես տնօրեն: 2010 թվականից աշխատում է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում որպես համակարգչային գլխավոր մասնագետ:

Անի Վարդերեսյան

 Դոմենային անունների վեճերի լուծման արբիտրաժ հիմնադրամ, իրավաբան

Անի Վարդերեսյանը միացել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի թիմին 2016թ․-ին և ներկայումս զբաղեցնում է իրավաբանի պաշտոն:

2012-2016թթ. սովորել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան: 2018թ.-ին նա նույն համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան միջազգային մասնավոր և համեմատական իրավունքի ոլորտում:

Մագիստրատուրայի տարիներին փոխանակմամբ ստացել է ուսում Ֆրանսիայում՝ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում:

Աննա Չուլյան

 Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի նախագահ

Աննա Չուլյանը 2010 թվականին նշանակվել է ԵՊԼՀ գրադարանի վարիչ՝ համատեղելով գիտական կենտրոնի ղեկավարի պաշտոնը և Վ. Բրյուսովի թանգարանի աշխատանքների համակարգումը:

2010 թ.-ից աշխատում է նաև որպես ԵՊԼՀ համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի ավագ դասախոս: 2014 թ. Աննա Չուլյանը ընտրվել է «Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի» նախագահ:

Իսկ 2015 թ. նշանակվել է EIF (Electronic Information for Libraries) միջազգային կազմակերպության հայաստանյան համակարգող:

Արտակ Հարությունյան

«SMARTOLOGY Digital Marketing academy», Համահիմնադիր

Արտակ Հարությունյանը թվային մեդիայի էնտուզիաստ է, ինտերնետ գովազդի գիտակ: «SMARTOLOGY Digital Marketing academy»-ի համահիմնադիրն է։

Նա նաև AMCG Agency թվային մարքեթինգի ու կոմունիկացիաների ծառայություններ մատուցող ընկերության հիմնադիրն է: 2007 թվականից վարել է բլոգ գովազդի ու մարքեթինգի մասին, 2008 թվականից աշխատում է մարքեթինգի ոլորտում, 2014-ից համագործակցելով տարբեր գովազդային ընկերությունների հետ աշխատել է Հայաստանում ներկայացված թոփային միջազգային բրենդերի հետ Digital Marketing-ի ոլորտում։

Հակոբ Արշակյան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

Հակոբ Արշակյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն է: Համակարգում է կապի, հեռահաղորդակցության, համացանցի, թվայնացման, ինովացիայի, տեղեկատվական ու բարձր տեխնոլոգիաների, կիբերանվտանգության և տիեզերական տրանսպորտի ոլորտներում քաղաքականության իրականացման աշխատանքները:

2012-ից 2017 թվականներին Հակոբ Արշակյանը «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավարն էր: Իսկ 2018 թ. հունվար–մայիս ամիսներին եղել է «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն:

2018 թ. մայիս-հոկտեմբերին եղել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ: Իսկ 2018 թ. հոկտեմբերի 4-ից՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:

Աղասի Լորսաբյան

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Ինժեներ

Աղասի Լորսաբյանը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ներքին ծրագրային արտադրանքի թիմի ինժեներ է: Կրթությամբ ֆիզիկոս՝ Աղասին վերջին 10 տարիների ընթացքում զբաղեցրել է ծրագրային ինժեներական բարձր պաշտոններ, նա հետաքրքրություն է ցուցաբերում էլեկտրոնային կրթության և տեխնոլոգիայի կարևորության նորարարական կրթական բովանդակության տրամադրման համար:
Աղասին ներկայումս աշխատում է TUMO learning path-ի շուրջ, որը TUMO- ի էլեկտրոնային ուսուցման համար նախատեսված հարթակ է: Նա կարևոր դեր է խաղացել հարթակի միջազգային ընդլայնման համար: Մինչ TUMO-ն, Աղասին աշխատել է նաև տարբեր դասավանդման հարթակներում Հայաստանի ողջ տարածքում:

Լենա Հարությունյան

Սովորեցրու Ինձ Ավելին- Ուսուցման և Զարգացման Կենտրոն, Նախագահ

Լենա Հարությունյանը մասնագիտությամբ լեզվաբան, դպրոցական հոգեբան է: 2016թ. հիմնադրում է DVM Մեթոդը հայ հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների համար, որը օգնող ուսուցողական գործիք է հանդիսանում թե ‘ ծնողների, և թե’ մասնագետների համար:

2016 թ. գործարկում է TMM «Սովորեցրու Ինձ Ավելին Ուսուցման և Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի մասնաշենքը, այս տարի կենտրոնը բացում է իր 2-րդ մասնաշենքը: Կենտրոնն անհատական սոցիալ ձեռնարկատիրական աշխատանքներ է վարում, որտեղ բարեգործությունը կատարվում է TMM ընտանիքի կողմից:

Լենան միշտ նշում է. «Յուրաքանչյուր բան՝ լավ կամ վատ, կախված է մեր գիտակցությունից»:

Դուշան Ստոյիչևիչ

«Գրենսի», Արևելյան Եվրոպայի մարքեթինգի տնօրեն

Դուշան Ստոյիչևիչը 2011-2016թթ.. եղել է Ինտերնետ դոմենային անունների Սերբիայի ազգային ռեգիստրի կառավարիչների խորհրդի անդամ և 2013-2016թթ..՝ խորհրդի նախագահ:

Նա ներգրավված է Սերբիայի միջազգայնացված վերին մակարդակի ազգային դոմենի .срб գործարկման մեջ: 2014-2017թթ. նա SEEDIG-ի գործադիր կոմիտեի ակտիվ անդամ է, իսկ 2015-2017թթ. RIPE SEE հանդիպումների Ծրագրային կոմիտեի անդամ:

Այժմ նա ICANN համայնքում LGR-ի նախագահն է և UA ղեկավարող խմբի ակտիվ անդամ:

Սամվել Մարտիրոսյան

ArmSec հիմնադրամի տնօրեն

Սամվել Մարտիրոսյանը տեղեկատվական անվտանգության և նոր մեդիաների փորձագետ է, ՀՀ Ինտերնետ կառավարման հանձնաժողովի անդամ, ինչպես նաև ArmSec հիմնադրամի տնօրեն։

Նա դասավանդում է Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, ԵՊՀ-ում, Սլավոնական համալսարանում, մի շարք այլ կրթական ծրագրերում:

Սամվել Մարտիրոսյանը ղեկավարել է iDitord, badu.am, OpenArmenia և մի շարք այլ ինտերնետ ծրագրեր:

Սամվել Բեկթաշյան

«Բետանեթ» ընկերության գործադիր տնօրեն

Սամվել Բեկթաշյանը 2007 թվականից «Բետանեթ» ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենն է: Մի շարք նախագծերի շարքում ընկերությունը 2013-ից զբաղվում է Հայաստանում ինտերնետ տեսագովազդի տեխնոլոգիաների ներդրմամբ, որի արդյունքում հաջողությամբ գործարկվել է MediaRoll գովազդային ցանցը:

Այժմ աշխատանքներ են իրականացվում ցանցի, ինչպես նաև թվային գովազդի աուդիտի գործիքների՝ արտերկրյա շուկաներում տեղաբաշման ուղղությամբ: «Հայաստանի Ինտերնետ Հանրություն» ՀԿ անդամ է:

Քրիս Բաքրիջ

 Արտաքին կապերի տնօրեն

Քրիս Բաքրիջը RIPE NCC ընկերության Արտաքին կապերի տնօրենն է: Նա համակարգում է RIPE NCC բոլոր շահառուներին, ներառյալ կազմակերպության անդամները, կառավարությունը, և միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Եվրոպական Հանձնաժողովը, Միջազգային հեռահաղորդակցության միությունը:

Նա ղեկավարում է նաև Ամստերդամի, Դուբայի և Մոսկվայի Արտաքին կապերի թիմերը: Քրիսը, ծնվելով Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում, սկսել է աշխատանքը APNIC կենտրոնում 2003 թվականից: Իսկ 2006-ին տեղափոխվելով Ամստերդամ՝ նա RIPE NCC-ում դարձել է Հաղորդակցությունների բաժնի մասնագետ, այնուհետև տեղափոխվել Արտաքին կապերի բաժին:

Լիաննա Գալստյան

Արտաքին կապերի ղեկավար, «Ինտերնետ հանրություն» ՀԿ

Լիաննա Գալստյանը 2013 թ.-ից «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի վարչության անդամ է, 2018 թ.-ից՝ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի խորհրդի նախագահ։ Նա ներգրավված է հայատառ «.հայ» դոմենային անունների տիրույթի գործարկման և առաջխաղացման նախաձեռնող խմբում:

2014թ-ից Լիաննան Հայաստանի Ինտերնետ կառավարման հանձնաժողովի հանրային կապերի մենեջերն է: Բացի այդ, տիկին Գալստյանը SEEDIG և ArmIGF համաժողովների կազմկոմիտեի անդամ է, իսկ 2018թ-ից՝ նաև ՄԱԿ-ի կողմից հիմնադրված համաշխարհային IGF-ի խորհրդատվական խմբի անդամ (MAG)։

Տիկին Գալստյանը «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն ներկայացնում է նաև ICANN կազմակերպությունում որպես Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Ինտերնետ օգտվողների շահերը ներկայացնող խորհրդի (APRALO) փոխնախագահ:

Ալեքսանդրա Կուլիկովա

ICANN-ում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլոբալ շահառու կողմերի ներգրավվածության ղեկավար

Ալեքսանդրա Կուլիկովան ICANN-ում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլոբալ շահառու կողմերի ներգրավվածության ղեկավարն է 2017 թվականի սեպտեմբերից ի վեր։

Նա ղեկավարում է ICANN-ում վերոնշյալ տարածաշրջանի նախագծերի մշակումը և իրագործումը՝ ներգրավվելով բազմաթիվ շահառու խմբերի, որոնք առնչվում են ICANN-ի դերակատարությանը տարածաշրջանում և համաշխարհային Ինտերնետ կառավարման բնագավառում, համաշխարհային դոմենային անունների համակարգի անվտանգությանը, կայունությանը, ճկունությանը և դոմենային անունների համակարգի զարգացմանը։

Ալեքսանդրան ունի Մեծ Բրիտանիայի Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի՝ մեդիա և հաղորդակցման կառավարում մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան, ինչպես նաև Ռուսաստանի Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության մասնագիտությամբ բակալավրի աստիճան։

Ֆրեդերիկ Դոնկ

Ինտերնետ հաարակության եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն

Ֆրեդերիկ Դոնկը 10 տարի շարունակ Եվրոպական Հանձնաժողովում միջազգային հանրային քաղաքականության վերաբերյալ գործունեություն է ծավալել` մասնավորապես գլխավոր տնօրինության հետ համատեղ աշխատելով Ինֆորմացիոն հասարակության և ձեռնարկատիրության հետ կապված հարցերով:

Այս տարիների ընթացքում նա մշակել և կյանքի է կոչել բազմաթիվ եվրոպական ծրագրեր և որոշումներ կոնվերգենտ էլեկտրահաղորդակցությունների ոլորտում և նպաստել է համաեվրոպական ծրագրերի իրականացմանը առաջատար հեռուստահեռարձակման և տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտներում:

Վերջին տասը տարիների ընթացքում որպես խորհրդական աշխատել է հեռուստահաղորդակցությունների ոլորտում`համագործակցելով կազմակերպությունների գործադիր տնօրենների և տնօրենների խորհրդի հետ:

Նախկինում Ֆրեդերիկը գլխավորել է Belgacom Group-ի Եվրոպական օրենսդրության հարցրերով հանձնաժողովը, ինչպես նաև 5 տարի աշխատել է որպես Հեռուստահաղորդակցության օպերատորների Եվրոպական ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ (ETNO): Ֆրեդերիկը իրավաբանության դիպլոմ է ստացել Լուվեյնի Կաթոլիկ Համալսարանում (UCL), ինչպես նաև ստացել է եվրոպական իրավունքի մագիստրոսի աստիճան Գենտի Պետական Համալսարանում:

Վիգեն Առուշանյան

Nooor - Բլոկչեյնի հայկական ասոցիացիա, նախագահ

Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի հիմնադիր: Կրիպտոարժույթի և բլոկչեյնի միջազգային ապակենտրոնացված ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ: 10 տարվա ձեռներեցական փորձ մեդիա և հեռահաղորդակցության ոլորտներում: Ղեկավարում է մեդիա բովանդակության տարածմամբ զբաղվող երկրի ամենախոշոր ընկերություններից մեկը: Հայաստանի մալուխային հեռուստահեռարձակողների ասոցիացիայում ռազմավարական հարցերով խորհրդական:

armigf
ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
IV
ՀԱՄԱԺՈՂՈՎ

10 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2018, ԵՐԵՎԱՆ